Աշխատում եմ Դ. Վարուժանի անվ. հիմնական դպրոցում 1992 թվականից: Հպարտությամբ եմ փաստում, որ որպես ուսուցչուհի կայացել եմ տարիներ շարունակ Երևան քաղաքի լավագույններից մեկը համարվող այս կրթօջախում:
Արդեն գրեթե 25 տարվա մանկավարժական փորձս թույլ է տալիս վստահեցնել, որ, այո՛, սերունդն ամբողջությամբ  փոխված է, բայց դեպի լավը, դեպի առաջադեմը:
2013 թվականի հունվարից մինչև 2016թ. մարտ ամիսը աշխատել եմ նաև Ավստրիայի Հանրապետության նախակրթարաններից մեկում: Եվրոպական կրթահամալիրը մի բան հստակեցրեց, որ աշխարհը «վերարտադրող» մոդելից  վաղուց անցում է կատարել «մտածողի» մոդելի: Եվրոպան կրթում է ինքնուրույն մտածող քաղաքացի: Ինքս հիմա աշակերտներիս մոտ փորձում եմ զարգացնել հենց ինքնուրույն մտածելու, որոշում կայացնելու «հմտություններ»:
Ասում են, որ ուսուցչի աշխատանքն անշնորհակալ է՝ քիչ վարձատրվող և հսկայական պատասխանատվությամբ: Միայն կարող եմ վստահեցնել, որ ուսուցչի կոչումն ամենաբարձրն ու ամենաերանելին է:  Գերագույն հաճույք է ամեն օր շփվել տասնյակ աշակերտների հետ, ովքեր քեզ մոտիվացնում են ինքնակրթվելու, զարգանալու  ու առաջ նայելու՝ նպաստելով նաև հենց քո մանագիտական աճին: Սիրում եմ իմ աշխատանքը և ամեն օր գերագույն հաճույքով և նորի սպասումով  մտնում դասարան:

Վերգինե Էլոյան


Համոզված եմ, որ նոր սերունդը հզոր մտքերի գեներատոր է, ուղղակի պետք է հնարավորություն տալ դրսևորվելու: