Կարծում եմ, որ երբեք էլ չեմ երազել այս մասնագիտության մասին, պարզապես ընդունել եմ այն որպես կոչում և շատ պատասխանատու կոչում, որի համար այսօր հպարտ եմ:

1995թ.-ին ավարտել եմ  Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի  «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետը: Կրթության ազգային ինստիտուտում ատեստավորվել եմ որպես դասվար և 8 տարի աշխատել եմ Գ.Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում:

Այնուհետև ավարտել եմ Խ.Աբովյանի անվան  մանկավարժական համալսարանի  «Տարրական ուսուցում և մեթոդիկա» ֆակուլտետը:

2009թ.-ից աշխատում եմ Դ.Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում:

Քանի որ  մեր ապագան տեսնում եմ ապագա երիտասարդների ու նոր սերնդի ձեռքերում ու կարծում եմ, որ նրանք են հենց այն փոփոխությունը, որի կարիքն ունեն բոլորը, հետևաբար հանձն եմ առել այդ սերնդին դաստիարակելու ու կրթելու շատ պատասխանատու գործը….Կրթելու արժանավոր քաղաքացիներ, բանիմաց և մարդկային որակներով հարուստ անհատներ:

Ես երեխաներին  սիրում եմ նմանեցնել  ծաղկեփնջի հետ: Հաճախ, ստանալով ծաղկեփունջը ու հիանալով ամբողջ զամբյուղի գեղեցկությամբ, մոռանում ենք  առանձին-առանձին ծաղիկների մասին ու դիտարկում այն մի համախմբության մեջ: Այդպես է լինում նաև դասարանի հետ աշխատելիս, ու այդ պատճառով էլ շատ եմ կարևորում երեխաներին որպես անհատներ, որպես ինդիվիդումի ներկայացուցիչներ, որոնցից ամեն մեկը պահանջում է յուրովի վերաբերմունք ու ուշադրություն:

Այսօր մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում  կրկին ու կրկին կարևորում եմ ուսուցիչների աշխատանքը՝ փորձելով այն կատարել առավելագույնս լավ:

Վարդուհի Գինոսյան

«Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, որն ուզում եք տեսնել աշխարհում»

Մ. Գանդի