Ես իմ ուսումնական գործունեությունն սկսել եմ Դ. Վարուժանի անվան դպրոցից:Կրթվել եմ այստեղ, գնահատել իմ ուսուցիչներին և տեսնելով նրանց աշխատանքի կարևորությունը` փորձել եմ շարունակել այդ առաքելությունը: Արդեն տասնյակ տարիներ են, ինչ աշխատում եմ ինձ համար թանկ կրթօջախում և շարունակում իմ սիրելի ուսուցիչների գործը:Աշխատանքային բազմամյա փորձս ինձ հնարավորություն է տվել շփվել տարբեր ընտանիքներում ծնված և դաստիարակված, իրենց դերը դպրոցում և հասարակության մեջ տարբեր կերպ ընկալող հարյուրավոր երեխաների հետ: Աշխատանքային երկարատև գործունեությանս ընթացքում հասկացել եմ, որ, դասավանդման հմտություններից զատ,մանկավարժը առաջին հերթին պիտի լինի լավ հոգեբան,ունենա մտքի ճկունություն,արագ կողմնորոշվելու կարողություն և ցանկացած իրավիճակ շտկելու հմտություն: Հոգեբանական ճիշտ մոտեցման դեպքում կշահի նաև ուսումնական կողմը: Խիստ կարևոր է յուրաքանչյուր երեխայի մեջ(անկախ տարիքից) տեսնել անհատի, որն ունի իր կարծիքը, ձգտումները: Կարծում եմ, որ ուսուցիչ-աշակերտ կապը պետք է հիմնված լինի փոխադարձ երկխոսության և ընդհանուր հայտարարի հանգելու կարողության վրա: Աշակերտին պիտի հնարավորություն տրվի ինքնահաստատման, ինքնաարտահայտման, որը կզարգացնի նաև ստեղծագործական միտքը և կառաջացնի սովորելու, ինչ-որ  լավ արարք կատարելու ձգտում, մտածելու կարողություն: Ուսուցիչը ստեղծում է երեխայի մտավոր կյանքը: Նրա ձեռքում է աշակերտի մտավոր ունակությունների զարգացումը, մշակութային մակարդակի և նրա`որպես քաղաքակիրթ անհատի ձևավորումը:Ուսուցիչը դպրոցում կերտում է աշակերտի մտահորիզոնը:

Գայանե Վարդանյան


Կարծում եմ` ուսուցչությունը իմ կոչումն է, քանզի անսահման նվիրումիս արդյունքում ունեմ ինձ սիրող և խոսքս գնահատող լսարան: Հպարտ եմ դեպի մեծ կյանք ճանապարհած տասնյակ աշակերտներով, նրանց ձեռքբերումներով, նվաճումներով և վստահ կարող եմ ասել, որ այդտեղ կա նաև իմ ներդրումը: