Մանկավարժի մասնագիտություն  ընտրել եմ մայրիկիս խորհրդով, նրանից եմ սովորել երեխաներին սիրելու և նրանց հետ աշխատելու արվեստը: Այո, մանկավարժությունը արվեստ է,  յուրաքանչյուր երեխա մի աշխարհ է, և քո յուրաքանչյուր օրը նման չէ նախորդին:
Դ. Վարուժանի  անվան  N89  դպրոցում աշխատում եմ 1993 թվականից: Որպես ուսուցիչ՝ առաջին քայլերն եմ արել այստեղ առաջին իսկ օրից սիրել եմ դպրոցն ու երեխաներին: Դպրոցում աշխատելու տարիները ինձ սովորեցրեցին ընդունել երեխաներին այնպես ինչպես, որ նրանք կան, լինել համբերատար, ներողամիտ նրանց սխալների նկատմամբ: Ուսուցչի գործը միայն գիտելիք տալը չէ: Մեծ է նրա դերը աշակերտների կյանքում. հասկանալ երեխային, նրան տանել ճիշտ ուղով, լինել հենարան դժվար պահին, սովորեցնել լինել պատվախնդիր, հայրենասեր, 21-րդ դարի քաղաքացի: Աշակերտների մեջ սերմանել բարիություն, սովորելու, անվերջ միտքը զարգացնելու կուլտուրա, ինքնուրույն մտածելու և գործելու կարողություն:
Մանկավարժի մասնագիտությունը ամենապատասխանատու և դժվար մասնագիտություններից մեկն է: Դա միայն մասնագիտություն չէ, դա հոգեվիճակ է, ապրելակերպ, որը պահանջում է հոգեկան, մտավոր, ֆիզիկական էներգիայի անսպառ նվիրում, որը նորից հետ ես ստանում քո սաների փոքր ու մեծ հաջողությունների տեսքով, նրանց շնորհակալ հայացքներով:

Գայանե Սիմոնյան

Լավ մանկավարժ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց ում դասավանդում ես:

Վ . Կլյուչևսկի