Մասնագիտությամբ դասվար եմ:  Ուսանել և ավարտել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժինը: Ունեմ  քսան տարվա աշխատանքային փորձ: Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում աշխատում եմ 2008 թվականից:

Որքան սահում է ժամանակը, գնալով համոզվում եմ, որ չափից շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, ուստի վստահ եմ` աշխատել մեկ այլ մասնագիտությամբ հաստատ չէի ուզենա: Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իմ աշխատանքային տարիների ընթացքում փորձել եմ հնարավորինս կատարելագործվել, դառնալ էլ ավելի բանիմաց ու փորձառու: Անսահման սիրում եմ աշակերտներիս և մեծ բավականություն եմ ստանում նրանց հետ աշխատելուց: Հաճույքով նրանց եմ փոխանցում իմ մայրական սերն ու հոգատարությունը:Անընդհատ յուրաքանչյուր երեխայի մեջ ձգտում եմ բացահայտել անհատականություն և հասնել փոխադարձ վստահության: Պահանջկոտ եմ: Միապաղաղությունը ինձ համար չարիք է: Այդ իսկ պատճառով դասապրոցեսի ընթացքում կիրառում եմ ուսուցման զանազան մեթոդներ, տեխնոլոգիաներ և միջոցներ,մշտապես դիմում եմ տարաբնույթ հնարների, որպեսզի արթնացնեմ  աշակերտներիս հետաքրքրությունը դասերի ու շրջապատի նկատմամբ: Ձգտում եմ կատարելագործել մասնագիտական գիտելիքներս, հմտություններս ու կարողություններս շարունակական պրպտումների ու նորամուծությունների միջոցով…

Ելիզավետա Ղուկասյան

Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց:                           

                                                                                                Ջոն Լոկ