Ուսուցչի դերը սերունդների ձևավորման գործում գիտենք, թե որքան կարևոր է: Եթե ճիշտ ես դնում շենքի կառուցման հիմնաքարերը, ապա գրեթե վստահ ես լինում, որ կառույցն էլ կլինի լավը, իսկ մեկ սխալ դրված քարն անգամ կարող է մի ողջ շինության փլուզման պատճառ դառնալ: Այսպիսին է նաև մանուկի հոգին: Ուսուցչի, ինչպես նաև ծնողների ճիշտ վարքագիծն ու գիտելիքներն են տանում երեխայի առողջ մտածելակերպի ձևավորմանը, կրթական մակարդակի բարձրացմանն ու ճիշտ վարվելակերպին: Հակամետ եմ այն գաղափարին, որ ուսուցիչ չեն դառնում, այդպիսին ծնվում են, և կարծում եմ՝ հանցանք է մտնել դասարան վատ տրամադրությամբ, օրվա հոգսերը շալակած ու այս գործը չսիրելով: Երջանիկ է այն աշակերտը, որը հոգատար, սիրող և իր սեփական երեխաներից չտարբերող ուսուցիչ ունի: Աշխատանքն այս ազնվագույնն է, ամենաբարդերից մեկը: Եթե բժիշկը գործ ունի մարդկային մարմնի, ապա մենք՝ ուսուցիչներս, անմիջականորեն առնչվում ենք մանկական հոգիների հետ: Ուսուցիչ  դառնալը  եղել է իմ երազանքը և երևի թե իմ առաքելությունը: Ավարտելով Մանկավարժական ինստիտուտը միշտ ձգտել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Որպես ուսուցիչ առաջին քայլերն արել եմ Դ. Վարուժանի անվան դպրոցում: Տասներկու տարի շարունակ աշխատում եմ այս դպրոցում՝ դասավանդելով  հայոց, համաշխարհային, եկեղեցու պատմություն,հասարակագիտություն, հայրենագիտություն առարկաները: Հուսով եմ որ հաջողվում է սերունդներին ուղեկցել դեպի պատմության քառուղիները:

Թող Աստված օրհնի ամեն մի բացվող լույսը:  Եվ ամենակարևորը՝ մեր երկրում թող միայն մանկական անհեթեթ կռիվները մեզ մտահոգեն ու մենք մտածենք, թե ինչպես ենք հաշտեցնելու նույն նստարանի մոտ նստող երկու խենթերին: Խաղաղ երկինք մեր մանուկներին: Անսասանություն մեր սահմաններին…

Արփիկ Դուրգարյան


Լավ ուսուցիչը երեխայի ճիշտ ապագան է: Նա է մեր փոքրերի մեջ սերմանում սեր և հավատ դեպի մեծ աշխարհ: Նա է երեխայի մեջ բացահայտում բազմաթիվ անհայտներ ու ուղղորդում դեպի կյանքի մեծ նպատակներ: