Ուսուցիչ ցանկացել եմ դառնալ դեռ փոքրուց. տետր-մատյանում գրում էի դասարանիս կազմը, դառնում և՛ աշակերտ, և՛ ուսուցիչ: Հետո հարազատ դպրոցիս ուսուցիչները, որոնց խոսքերով առաջնորդվել եմ, մղեցին ինձ այս հրաշալի առաքելությանը:
ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1988-ին, աշխատել եմ հ. 126, հ. 199 դպրոցներում, իսկ 1998-ից դասավանդում եմ վարուժանյան կրթօջախում:
Ինչու՞ եմ ընտրել ուսուցչի աշխատանքը. մշտապես ապրում եմ մանուկների մաքուր աշխարհում, հաղորդակից լինում նրանց մտքերին, լսում նրանց անկեղծ խոսքը և տալիս այն, ինչ ինքս գիտեմ, իհարկե, առանց պարտադրելու:
Ուսուցիչը նման է այն պարտիզպանին, որը փխրեցնում է հողը, ջրում, շիվեր տնկում, մեկի մեջքը շտկում, մյուսի ավելորդ ճյուղը կտրում, նոր որակներ պատվաստում ու դեպի լույսը տարածում ճյուղերը: Միայն թե պտուղները շատ ավելի ուշ է քաղում՝ տարիներ անց,բայց և վարձատրված  զգում  չարչարանքի համար: Ինչպես հեքիաթի հերոսն է ասում. «Պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:
Գիտության այս դարում, երբ թվայնացված է տեխնիկան, երբ տեղեկատվության աղբյուրները բազմազան են ու հասանելի, ավելի է կարևորվում մարդ անհատի դաստիարակումը: Գիտելիք կարելի է կուտակել, դառնալ անսիրտ, անհոգի մարդ-ռոբոտ, բայց ոչ հոգևոր արժեքներ կրող մարդ: Իսկ ուսուցչի խնդիրը իսկական մարդ դաստիարակելն է, մարդ, որ չլինի անտարբեր, հոգածու վերաբերմունք ունենա շրջապատի, իր նմանի հանդեպ, լինի կարեկից, սրտացավ, մարդասեր:
Ուսուցիչների շնորհիվ է, որ ձևավորվում է վաղվա քաղաքացին, որը հայրենքին է պաշտպանում, գիտության բարձունքներ է նվաճում, ստեղծագործում է, իսկ ստեղծագործ անհատը իր գույնն ու լույսն է տալիս աշխարհին:

Արմենուհի Վարդանյան


Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիարակությունը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի