Իմ ուսուցիչների հանդեպ ունեցած սերն ու ակնածանքն էր պատճառը, որ ընտրեցի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու գործը: ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետն ավարտել եմ 1989թ. և անմիջապես անցել եմ աշխատանքի: Փոթորկալից  ժամանակներին համահունչ, որպես տեսլական  որդեգրելով  ապագա անկախ երկրի, անկախ քաղաքացու կրթության, դաստիարակության  ուղղությունը, մինչև այսօր աշխատում եմ հավատարիմ մնալ սկզբունքներիս: Լինելով ազգային արժեհամակարգի  ձևավորողներից մեկը՝ փորձում եմ ամենօրյա աշխատանքով իմ աշակերտներին սերմանել  ազգային արժեքների պահպանում, արժանապատիվ ապրելու և արարելու ձգտում: Շատ եմ ուրախանում և հպարտանում, երբ աշխատանքիս պտուղները  տեսանելի են:

Ինձ համար շատ կարևոր է, որ իմ սաները չվախենան մեծ կյանք մտնել, հավատան և վստահեն իրենց ուժերին, ունենան հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացում: Սիրում եմ Լինկոլնի՝ որդու ուսուցչին գրած նամակի, հատկապես այս տողերը. <<Սովորեցրեք նրան վաճառել իր ուղեղն ու ուժը բարձր գնով, բայց երբեք վաճառքի չդնել սիրտն ու հոգին>>:

Պատմության մասնախմբի ղեկավարությունը ստանձնելուց հետո պատասխանատվությունս կրկնապատկվեց: Մոտեցումս և սկզբունքս ինչպես իմ, այնպես էլ մյուս անդամների հանդեպ նույնն է.պետք է դասավանդել այնպես, որ դասից հետո հետաքրքրող հարցեր առաջանան: Հակառակ դեպքում իզուր ես դասարան մտել:

Տարիների փորձառությունը, գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժը նվիրելով դպրոցին և երեխաներին, փորձում եմ հասկանալ և գնահատել մեր ժամանակների բազմաբնույթ մարտահրավերները, չդավաճանել ինքս ինձ, նայել ու քայլել առաջ իմ սաների հետ:

Աննա Հարությունյան

Harutyunyan Anna
Ինչ կմնար մարդկությունից Տեր՛ Աստված
Թե  չունենար ուսուցիչներ, դպրոցներ
…Դուք անանու՜ն, ձեր սաները՝ անվանի
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: