Մեր Մասին

Մեր մասին

Արևմտահայ մեծ բանաստեղծի` Դանիել Վարուժանի անունը կրող թիվ 89 հիմնական դպրոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանում: Դպրոցի հասցեն է Սեբաստիա 19: Քառահարկ ու լույսով ողողված այս դպրոցը նայում է հայերի լինելիության ու գոյատևման խորհրդանիշ Արարատին: Կրթօջախի բակում արևմտահայ քերթողի կիսանդրին է, որի հեղինակը քանդակագործ Չորեքչյանն է: Կրթօջախը հիմնադրվել է 1932 թվականին: Սկզբում այն ունեցել է 3 դասարան` 42 աշակերտով: 1938-39 ուսումնական տարում դպրոցը դարձել է միջնակարգ, իսկ 1961թ տեղափոխվել է այս գեղեցիկ, նորակառույց քառահարկ շենքը, որն էլ 1962 թ. անվանափոխվել է` կրելով մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի անունը: Այսօր կրթօջախում սովորում են 1100 աշակերտ, որոնք իրենց անվանում են «Վարուժնակներ»` ի պատիվ մեծ բանաստեղծի:

Այստեղ մեծ նվիրումով և հոգատարությամբ աշխատում են 65 ուսուցիչ: Տարիների ընթացքում դպրոցը մեծ կյանք է ճանապարհել բազմաթիվ շրջանավարտների (շուրջ 150 ոսկե և արծաթե մեդալակիրներ): Նրանցից շատերը գիտությունների թեկնածուներ են, Ազգային Ժողովի պատգամավորներ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ, ինժեներներ, բժիշկներ և այլն: Դպրոցի նշանավոր շրջանավարտներից են ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը, ՀՀ վաստակավոր երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, օպերային երգչուհի Սիրանուշ Աբրահամյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և գավաթակիր Գուրգեն Բաղդասարյանը և այլոք: Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն պահպանվել են լավագույն ավանդույթները, այլև նորացվել ու ժամանակակից հնչեղություն են ստացել:

Տասնամյակների ընթացքում կրթօջախը հյուրընկալել է աշխարհի բոլոր ծագերից եկած հյուրերի, որոնք հիացել են դպրոցի սաների գիտելիքներով, կրթօջախի ավանդույթներով: Մեծ ու հիանալի միջոցառումներն անպակաս են դպրոցից` Վարուժանյան օրեր, ուր բացառապես հնչում են մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, երգ ու պար, թատերական ներկայացումներ: Բանաստեղծի ծննդյան 100 ամյակի շքեղ տոնակատարությանը մասնակցել են աշխարհի 27 երկրներից եկած սեբաստացիներ, ԱՄՆ- ում ապրող նրա որդին` Հայկ Վարուժանը, որի համար մեծ ցնծություն էր իր հոր հիշատակը հավերժացնող այս կրթօջախի գոյությունը:

Դպրոցի առօրյայի մասն են կազմում մեծանուն արվեստագետներին նվիրված խորիմաստ միջոցառումները, հայրենասիրության ոգեկոչող հանդեսները, ուսումնական մրցույթները, հեքիաթի, բերքի, աշնան տոները, մայրենի լեզվին նվիրված բազմաբնույթ միջոցառումները, դպրոցում գործող թատերական խմբերի ներկայացումները: 2008 թվականին դպրոցը համալրվեց արդի տեխնիկայով, ինչը հիմնովին փոխեց կրթության որակն ու մեթոդները: Այժմ ոչ միայն բաց դասերն ու միջոցառումներն են անցկացվում են թվային տեխնիկայի անմիջական օգտագործմամբ, այլև դասապրոցեսի ժամանակ են դիմում դրանց օգնությանը: Ահա այսպիսին է Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմն. դպրոցը, որը տարիների ընթացքում վայելում է իր սաների ու ծնողների սերն ու համակրանքը: Սա էլ հենց մեր աշխատանքի ու երջանկության գաղտնիքն է: